ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 10-ին Ժնևում անցկացվող Համաշխարհային ներդրումային 30-րդ համաժողովի շրջանակում մասնակցել է Համաշխարհային ներդրումների հաջորդ տասնամյակը խորագրով նախարարարական կլոր սեղան քննարկմանը։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները և ընդգծել, որ Հայաստանը կարևորում է այնպիսի ներդրումների ներգրավումը, որոնք կապահովեն ոչ միայն կապիտալի ներհոսք, այլև կնպաստեն արտադրության զարգացմանը, նոր տեխնոլոգիաների ներդրմանն ու միջազգային փորձի փոխանակմանը։ Գևորգ Պապոյանը խոսել է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում Հայաստանի ունեցած մեծ ներուժի ու զարգացման հեռանկարների մասին՝ կարևորելով երկիրը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոնի վերածելու ռազմավարական նպատակը։ Որպես այս ոլորտում նշանակալի ներդրումային նախաձեռնություն նախարարը մատնանշել է Firebird AI-ի գործարանի նախագիծը։ Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև կանաչ տնտեսության ոլորտի զարգացմանը, մասնավորապես՝ կանաչ ջրածնի և կենսագազի արտադրության ծրագրերին, ինչպես նաև այս ուղղությամբ միջազգային գործընկերների հետ համագործակցության հնարավորություններին։ Գևորգ Պապոյանը կարևորել է Խաղաղության խաչմերուկ նախաձեռնության և TRIPP նախագծի նշանակությունը Հայաստանի՝ որպես տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ հանգույցի կայացման գործում։ Քննարկմանը ներկա էին Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գասպարյանը և Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի տեղակալ Արամ Վարդանյանը։